Tuesday, November 8, 2016

Հայերէնի «Օ» տառը/հնչիւնը եւ դրա յունական համարժէքները

Յայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը հայոց այբուբենը ստեղծել է յունական այբուբենի նմանութեամբ (չշփոթել տառերի ձեւի հետ)՝այն է տառերի յաջորդականութիւնը:  Քանի որ յունաց այբուբենի տառերի թիւը 24 է, իսկ մերը 36 (Մաշտոցի ժամանակ), ապա տրամաբանական է ենթադրել, որ կան տառեր, որոնք համընկնում են (դրանք 22-ն են), կան, որ միայն յունարէնն ունի եւ հայերէն համարժէքը չկայ (Ψψ-փսի եւ Ωω-օմեգա) եւ կան հայերէն տառեր, որոնք յունական համարժէք չունեն (Ը, Ժ, Լ, Խ, Ծ, Հ, Ձ, Ճ, Յ, Չ, Ջ, Վ, Ր, Ց):
Փորձենք քննարկել՝ որն է յունական O-ի համարժէքը մեր այբուբենում:
Յունարէնն ունէր Օ հնչիւնի երկու տարբերակ՝ կարճ եւ երկար, ուստի դրանց համապատասխան էլ երկու տառ՝  Ωω (օմեգա կամ երկար օ) եւ Οο (օմիկրոն կամ կարճ օ): Հեշտ է նաեւ ստուգաբանել այս բառերը՝ Օ-ՄԵԳԱ կամ ՄԵԾ Օ (յունարէն μεγάλος-ՄԵԳա՛լոս բառից, որ նշանակում է ՄԵԾ) եւ Օ-ՄԻԿՐՈՆ կամ ՓՈՔՐ Օ (յունարէն μικρό-ՄԻԿՐՈ բառից, որ նշանակում է ՓՈՔՐ):
ՄԵԳԱ եւ ՄԻԿՐՈ բառերն այնքան շատ են տարածուած եւրոպական լեզուներում, որ բերեմ միայն մի քանի օրինակ՝ ՄԵԳԱբայթ, ՄԵԳԱվատտ, ՄԵԳԱփիքսել, ՄԵԳԱհերց, ՄԵԳԱֆոն, ՄԵԳԱլոմանիա, ՄԵԳԱպոլիս, ՄԻԿՐՈսկոպ, ՄԻԿՐՈբ, ՄԻԿՐՈբիոլոգիա, ՄԻԿՐՈֆլորա, ՄԻԿՐՈգրամ, ՄԻԿՐՈմետր եւ այլն:

Ի դէպ, պէտք է նշել, որ յունարէն ՄԵԳԱ-ն հնդեւրոպական ծագում ունի եւ հնդեւրոպական նախալեզուի նոյն արմատը հանդիպում է քոյր լեզուներում՝ հայերէնում այն հնչիւնական օրէնքներին համապատասխան տուել է ՄԵԾ բառը, լատիներէնում՝ magnus ( հմմտ.՝ մագիստրոս, մայոր, մագնիտուդ բառերը), անգլերէնում much եւ այլն:

 
Մեսրոպ Մաշտոցը հայերէնի միակ Օ հնչիւնը ներկայացրել է «Ո» տառի տեսքով, որը համապատասխանում էր յունական Oo-օմիկրոնին: Յետագայում (12-րդ դարից յետոյ) հայերէնի ԱՒ/աւ երկբարբառը աստիճանաբար սկսում է հնչել O եւ այդ ժամանակաշրջանում մեր այբուբենում աւելացւում է Օօ տառը՝ փոխարինելով ԱՒ երկբարբառը: Հեշտ է նկատել, որ տառը յօրինուել է յունական օմիկրոնի նմանութեամբ (կլոր, շրջանաձեւ տեսքով), սակայն լեզուաբանօրէն համարժէք չէ օմիկրոնին: Օմիկրոնի համարժէքը հայերէնում «Ո» տառն է:
Այն, որ ԱՒ երկբարբառը հնչում է Օ, հանդիպում է նաեւ միւս լեզուներում: Օրինակ՝ գրւում է Paul, բայց անգլերէն, ֆրանսերէն հնչում է հմպտ. փՕլ եւ պՕլ: Սրա լատինական ձեւը (Paulus) հնում գրում էինք ՊԱՒՂՈՍ, իսկ այսօր ԱՒ-ի փոխարէն գրում ենք Օ՝ ՊՕՂՈՍ (այս Պաւ բաղադրիչը մինչ օրս պահպանուել է անուան ռուսական տարբերակում՝ Павел, Պա՛ւել): Նոյնը նաեւ ԱՒԳՈՒՍՏՈՍ-ՕԳՈՍՏՈՍ եւ այլն:

Այսպիսով հայոց «Ո» տառը յունական օմիկրոնի համարժէքն է: Հարց է առաջանում՝ իսկ ինչպէ՞ս է տառադարձուել  յունական օմեգան, մասնաւորապէս յատուկ անունների դէպքում (Աստուածաշնչի թարգմանութեան ժամանակ):

Օտար անունները տառադարձելիս օմիկրոնի փոխարէն գրուել է «Ո», իսկ օմեգայի փոխարէն՝ «ՈՎ»:
Գրենք տարածուած մի շարք անունների տառադարձումը՝ յիշելով հետեւեալ համապատասխանութիւնը՝
Οο = Ո
Ωω = ՈՎ
Εε = Ե
Ηη = Է

Joseph -> Ιωσήφ - Ι ω σ ή φ -> Յ-ՈՎ-Ս-Է-Փ -> ՅՈՎՍԷՓ
Thomas -> Θωμάς - Θ ω μ ά ς -> Թ-ՈՎ-Մ-Ա-Ս -> ԹՈՎՄԱՍ
Enoch -> Ενώχ - Ε ν ώ χ -> Ե-Ն-ՈՎ-Ք -> ԵՆՈՎՔ
Joel -> Ιωήλ - Ι ω ή λ -> Յ-ՈՎ-Է-Լ -> ՅՈՎԷԼ

Պէտք է նշել, որ այս կանոնը մի շարք անունների դէպքում այդպէս էլ չամրագրուեց: Ահաւասիկ՝ ՍԻՄՈՆ (Σίμων, Simon); ՍՈՂՈՄՈՆ (Σολομών, Solomon); ՀՌՈՄ (Ρώμη) եւ այլն, թէեւ հազուադէպ կարող էք հանդիպել նաեւ ՍԻՄՈՎՆ, ՍՈՂՈՄՈՎՆ, ՀՌՈՎՄ (ՀՌՈՎՄԷԱԿԱՆ) ձեւերը:


Որպէս „օմիկրոն->Ո“ տառադարձութեան օրինակ նշենք յունական յայտնի –ος (-ոս, -os) վերջածանցը՝ ՔրիստՈս (Χριστός), ՊօղՈս (Παύλος) եւ այլն:

ՈՒՂՏ vs. ՄԱԼՈՒԽը Աստուածաշնչում. ՈՒՂՏ բառի ստուգաբանութիւնը հնդեւրոպական եւ սեմական լեզուներում

1.      ՈՒՂՏ եւ ՄԱԼՈՒԽ

ՈՒՂՏ կենդանու անուան ստուգաբանութիւնը հայերէնում եւ որոշ հնդեւրոպական, սեմական լեզուներում:

Աճառեանն իր յայտնի Արմատական բառարանում բառի կողքը աստղանիշ է դնում (*)՝ ցոյց տալով դրա՝ այլ լեզուից փոխառեալ լինելու հանգամանքը:

= Առաջարկուող մի շարք վարկածներից ամենայայտնին, թերեւս, ասուրական փոխառութիւնն է:
Ըստ այդմ՝ հայերէն տարբերակն առաջացել է ասուրերէն udru, uduru  «երկսապատ ուղտ» բառից, որն էլ իր հերթին ծագում է իրանական uštra «ուղտ» բառից: Այսօր էլ արդի պարսկերէնում ուղտին ասում են شتر (շութո՛ւր):

Այս uštra ձեւից կարելի է ենթադրել *ultra տարբերակը, որն էլ յետագայում հայերէնում կարող էր դառնալ ՈՒՂՏ:
Շ->Լ անցման բաւական յաջող օրինակներ կան մի շարք բառերում, երբ այս տառերը ատամնականից առաջ են (մեր օրինակում՝ Տ տառից առաջ):
 Օրինակ, ՔԱՂԴԷԱՑԻ (Kaldu, Chaldean) բառի դիմաց եբրայերէնում ունենք כשדים (կաշդի՛մ) բառը, որտեղ յստակ երեւում է, թէ ինչպէս է Շ տառը դարձել Լ՝ գտնուելով Դ ատամնականից առաջ:

 Միւս տարբերակներից նշենք Ինճիճեանի վարկածը, համաձայն որի ՈՒՂՏԸ ծագում է հայերէն ՈԽՈՏ բառից, քանի որ այս անասունը ոխակալ է:

Յովհան քահանայ Հիւնքեարպէյէնտեանը ՈՒՂՏԸ դնում է հայերէն ՈՒԽՏ բառից:
Ըստ Ի. Դիակոնովի, բառը ուրարտերէն ulu ձեւից է, որն ինչ որ կերպ կապուած է աքքադ. ut/ru  (բայց ո՛չ *udru) կամ հին պարսկերէն ušθra ձեւի հետ:
Հնդեւրոպական լեզուներում առատապէս ներկայացուած ԿԱՄԵԼ կամ ՔԱՄԵԼ (անգլ. camel; գերմ. Kamel; իտալ. cammello; իսպ. camello; պորտ. camelo; ֆր. chameau; յուն. καμήλα (կամի՛լա), լատ. camelus եւ այլն) տարբերակը փոխառութիւն է սեմական լեզուներից: Հմմտ. եբր. גמל (գամա՛լ), արաբ. جمل (ջա՛մալ, ժա՛մալ), բոլորն էլ ՈՒՂՏ իմաստով:
Բոլորի հիմքում նախասեմական Գ-Մ-Լ (G-M-L) եռատառ արմատն է: Հեշտ է բացատրել սեմական Գ-Մ-Լ արմատից եւրոպական լեզուների Կ-Մ-Լ տարբերակի առաջացումը (այլ կերպ ասած Գ->Կ փոփոխութիւնը): Բանն այն է, որ սեմական լեզուների Գ (գիմել) տառը համարժէք է լատիներէնի Cc եւ յունարէնի Γγ տառերին: Նշուած բոլոր լեզուներում էլ սրանք այբուբենի 3-րդ տառն են՝ լատ. Cc (ցէ), յուն. Γγ (գամմա), եբր. ג (գի՛մել), արաբ. ج (ջի՛իմ) եւ առաջացել են փիւնիկերէն երրորդ՝ Գ-ԳԻՄԵԼ տառից: Հնում լատիներէն Cc տառը եւս արտասանւում էր «Գ», սակայն զուգահեռ հնչում էր նաեւ «Կ»: Յետագայ դարերում, շփոթից խուսափելու համար C տառի նմանութեամբ յօրինուեց G տառը (C vs. G), որն էլ դարձաւ լատինական այբուբենի 7-րդ տառը, իսկ C-ն մնաց իր նախկին՝ երրորդ դիրքում «Կ» արտասանութեամբ: Աւելի ուշ, այդ «Կ»-ն որոշ տառերից առաջ սկսեց հնչել «Ցց»: Հմմտ. calcium (կա՛լցիում), caecum (ցե՛կում) եւ այլն:

Սեմական այս արմատն ՈՒՂՏԻՑ բացի ունի մի շարք այլ իմաստներ: Եբրայերէնում կարող է նշանակել «հասունանալ, հատուցել, ամբողջական դառնալ, կաթից կտրել կամ զրկանքների ենթարկել», իսկ արաբերէնում՝ «գեղեցկութիւն, լաւ բնաւորութիւն, բարի, բարետես, հոգատար, ամբողջական» եւ այլն:

***
Երկար տարիներ բազում գիտնականների հետաքրքրութեան առարկայ է եղել այս արմատի «պարան, չուան» իմաստը:
Համառօտ ներկայացնենք այս թնջուկի պատմութիւնը:
Նոր Կտակարանում երեք Աւետարանիչները (Մատթէոս ԺԹ:24, Մարկոս Ժ:25, Ղուկաս ԺԸ:25) մեզ են փոխանցում Քրիստոսի այն խօսքը, թէ «դիւրի՛ն է մալխոյ մտանել ընդ ծա՛կ ասղան, քան մեծատան յարքայութիւն Աստուծոյ մտանել» կամ աշխարհաբար հայերէնով՝ «Աւելի հեշտ է, որ մալուխը (պարանը, չուանը) ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստուծոյ արքայութիւնը մտնի»:
Յունական բնագրերը ՄԱԼՈՒԽ բառի փոխարէն օգտագործում են ՈՒՂՏ բառը: Բանն այն է, որ հին յունարէնում այս երկու բառերը շատ նման էին գրւում՝ κάμιλος (պարան) եւ κάμηλος (ուղտ):
Նմանատիպ արտայայտութիւն գտնում ենք նաեւ Ղուրանում (Սուրահ Ալ-Արաֆ, 7:40), որտեղ ասւում է, թէ «Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ» (ամբարիշտը չի մտնի դրախտ, մինչեւ ուղտը չանցնի ասեղի ծակով):

Արդեօ՞ք մեր հայրերը թարգմանելիս վրիպել են, թէ՞ միտումնաւոր ՊԱՐԱՆ են թարգմանել, քանզի, ըստ տրամաբանութեան, ասեղի ծակին թելը (պարանը) աւելի յարմար ու համապատասխան է, քան ուղտը:
ՆՀԲ եւ ուրիշները գտնում են, որ մեր ՄԱԼՈՒԽ բառը ունի նաեւ ՈՒՂՏ իմաստը, մինչդեռ Աճառեանը յստակօրէն հերքում է այս վարկածը (տե՛ս ՀԱԲ 3, էջ 226)՝ նշելով, թէ մեր Հայրերը գիտէին, որ ՄԱԼՈՒԽ նշանակում է ՊԱՐԱՆ, ՉՈՒԱՆ:
Ասորական Աստուածաշնչում (Պեշիտտա) եւս հանդիպում ենք ՊԱՐԱՆ տարբերակը, թէեւ տողատակ մեկնութիւններում նշւում է, որ gamla բառն ունի ե՛ւ պարան, ե՛ւ ուղտ իմաստները, հաւանաբար այն պատճառով, որ հնում չուանը գործում էին ուղտի մազից: Հետաքրքիր է նաեւ ասորի բառարանագիր Մար Բահլուլի (Ժ դար) մեկնութիւնը, ըստ որի gamla-ն այն պարանն է, որով կապում էին նաւերը: Սա, ի դէպ, նշում է նաեւ Աճառեանը (ՀԱԲ 3, էջ 227):

Պէտք է նշել, որ Սուրբ Գրքի եւ Ղուրանի տարբեր թարգմանութիւններում կարող ենք հանդիպել թէ՛ ՈՒՂՏ, եւ թէ՛ ՊԱՐԱՆ (ՄԱԼՈՒԽ) տարբերակները:

Միանշանակ է, որ «ուղտով» տարբերակը դարեր շարունակ յայտնի մերձաւորարեւելեան խօսք է:
Վարկածներից մէկի համաձայն  «ասեղի ծակ» ասելով հնում հասկանում էին Երուսաղէմ քաղաքի դռներից մէկը, որը շատ նեղ էր եւ մարդը հազիւ էր անցնում, իսկ ուղտը կարող էր անցնել դրա միջով միմիայն բեռնաթափուելուց յետոյ: Իրականում պատմութիւնից մեզ յայտնի չէ նման անցք Երուսաղէմի պարսպի մէջ:

Բաբելոնեան աղբիւրներում վկայուած է փղի՝ ասեղի ծակից անցնելը: Եւ քանի որ Մերձաւոր Արեւելքում փղեր չկային եւ չափերով ամենախոշոր կենդանին ուղտն էր, ուստի եւ ասացուածքը ուղտին էր վերագրւում:

Ինչպէս տեսնում ենք, բաւական խճճուած պատմութիւն է:
Արդեօ՞ք նախասեմական G-M-L արմատն ունի նաեւ պարան իմաստը (ուղտից բացի):
Արդեօք յունակա՞ն Աստուածաշունչն է վրիպել, թէ՞ հայկականը կամ ասորականը:

Ի վերջոյ յստակ է, որ ասեղի ծակին «աւելի սազական է» թելը, քան ուղտը, բայց միւս կողմից ուղտով տարբերակը Մերձաւոր Արեւելքում յայտնի ասացուածք է:

Ի վերջոյ ի՞նչ է ասել Քրիստոս՝ Ո՞ՒՂՏ, թէ՞ ՄԱԼՈՒԽ,,

Հայերէն ՇԱԲԱԹ բառը

1.      ՇԱԲԱԹ

Շաբաթուայ եօթերորդ օրն է՝ շաբաթ օրը; ինչպէս նաեւ բոլոր եօթը օրերի հաւաքական անուանումը՝ մէկ շաբաթ:
Շաբաթուայ որոշ օրեր եւս հայերէնում կազմւում են այս բառով աւելացրած համապատասխան թուականը՝ միաշաբաթ (որ կիրակի օրն է եւ շաբաթուայ առաջին օրը), երկուշաբթի (երկրորդ օրը), երեքշաբթի (երրորդ օրը) եւ այլն:
Այս առումով օրերի անուանումները համեմատելի են յունարէն, պարսկերէն, ռուսերէն տարբերակների հետ, որտեղ եւս ասում ենք համապատասխան թուական + շաբաթ բառը (երբեմն)՝

Յունարէն

Երկուշաբթի - Δευτέρα (դէֆտէ՛րա), իր մէջ ունի յունարէն ԵՐԿՈՒ բառը
Երեքշաբթի - Τρίτη (տրի՛տի), իր մէջ ունի յունարէն ԵՐԵՔ բառը
Չորեքշաբթի - Τετάρτη (տէտա՛րտի), իր մէջ ունի յունարէն ՉՈՐՍ բառը
Հինգշաբթի - Πέμπτη (պէ՛մտի), իր մէջ ունի յունարէն ՀԻՆԳ բառը

Ռուսերէն*

Երեքշաբթի - Вторник (վտօ՛րնիկ), իր մէջ ուն ռուս. ԵՐԿՈՒ բառը
Հինգշաբթի - Четверг (չէտվէ՛րգ), իր մէջ ունի ռուս. ՉՈՐՍ բառը
Ուրբաթ – Пятница (պյա՛տնիցա), իր մէջ ունի ռուս. ՀԻՆԳ բառը

*թուական այս շեղումը պայմանաւորուած է այն հանգամանքով, որ շաբաթուայ սկիզբ են համարում Երկուշաբթին:

Պարսկերէն

Կիրակի - یکشنبه (յէկ-շանբէ՛), իր մէջ ունի պրս. ՄԷԿ բառը
Երկուշաբթի - دوشنبه **(դո-շանբէ՛), իր մէջ ունի պրս. ԵՐԿՈՒ բառը

**ի դէպ, Տաջիկստանի մայրաքաղաքի (ԴՈՒՇԱՄԲԷ) անունը եւս այստեղից է առաջացել:

Երեքշաբթի - سه‌ شنبه (սէ-շանբէ՛), իր մէջ ունի պրս. ԵՐԵՔ բառը
Չորեքշաբթի - چهار شنبه (չահաար-շանբէ՛), իր մէջ ունի պրս. ՉՈՐՍ բառը
Հինգշաբթի - پنج شنبه (փանջ-շանբէ՛), իր մէջ ունի պրս. ՀԻՆԳ բառը

(պարսկերէնի այս թուերը ձեզ ծանօթ է նարդի խաղից)

Վրացերէն

Երկուշաբթի - ორშაბათი (օ՛րշաբաթի), իր մէջ ունի վրաց. ԵՐԿՈՒ բառը
Երեքշաբթի - სამშაბათი (սա՛մշաբաթի), իր մէջ ունի վրաց. ԵՐԵՔ բառը
Չորեքշաբթի - ოთხშაბათი (օ՛թխշաբաթի), իր մէջ ունի վրաց. ՉՈՐՍ բառը
Հինգշաբթի- ხუთშაბათი (խո՛ւթշաբաթի), իր մէջ ունի վրաց. ՀԻՆԳ բառը

Արաբերէնը եւ եբրայերէնը եւս ունեն նմանօրինակ անուանակարգում (օր առաջին, օր երկրորդ, օր երրորդ եւ այլն):
Ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերի անունները վերոյիշեալ լեզուներում կարող են նկարագրուած օրինաչափութիւնից դուրս լինել՝ կրօնական նկատառումներից ելնելով (այս օրերի անուանումներին նախկինում անդրադարձել ենք):

Լեզուների մի այլ խմբում շաբաթուայ օրերն անուանակոչուել են հեթանոսական աստուածների կամ մոլորակների անուններով: Ահաւասիկ,
Անգլ. Sunday, գերմ. Sonntag (արեւի պատուին) «կիրակի»
Անգլ. Monday, գերմ. Montag, ֆր. lundi (լուսնի պատուին) «երկուշաբթի» եւ այլն:

Ինչեւէ, հեշտ է նկատել, որ պարսկերէն եւ վրացերէն տարբերակներում առկայ է նաեւ բուն ՇԱԲԱԹ արմատը՝ այդ լեզուներին բնորոշ տարբերակով:

=Մեր, ինչպէս նաեւ վերոնշեալ լեզուներում, բառը փոխառեալ է սեմական լեզուներից, որոնք բոլորն ի վերջոյ վերցուած են եբրայերէնից:
Եբր. שבת (շաբա՛թ) բառն է, որ սերում է սեմական ת ב ש (շին-բէթ-տավ) եռատառ արմատից, որի իմաստն է «հանգստանալ, չաշխատել, դադարեցնել»: Եբրայերէն բառը հնարաւոր է՝ ծագում է աքքադերէն šapattu ձեւից, որ հաւանաբար նշանակում է «վերջացնել, դադարեցնել», ինչպէս նաեւ ամէն ամսուայ 15-րդ օրը (ամսուայ կէսը):

Արդի եբրայերէնում այս արմատից ունենք նաեւ שביתה (շվիտա՛) «գործադուլ» բառը (ասել է, թէ ՉԱՇԽԱՏԵԼ, ՀԱՆԳՍՏԱՆԱԼ), որից ածանցւում են שביתת-נשק (շվիտա՛տ-նէ՛շէկ, բառացի թարգմանութեամբ՝ զէնքի գործադուլ) «զինադադար» եւ שביתת-רעב (շվիտա՛տ-ռաա՛վ, բառացի թարգմանութեամբ՝ քաղցի գործադուլ) «հացադուլ» բառերը:
Համեմատութեամբ միւս լեզուների՝
Յուն. Σάββατο (սա՛վատօ), ռուս. суббота (սուբօ՛տա), արաբ. السبت (աս-սա՛բթ), պարս. شنبه (շանբէ՛), ֆր. samedi, գերմ. Samstag, վրաց. შაბათი (շա՛բաթի***), հունգ. szombat (սոմբա՛թ), իտալ. sabato, իսպ. sábado բոլորն էլ ՇԱԲԱԹ իմաստով եւ բոլորն էլ փոխառեալ եբրայերէնից:

***Աճառեանը վրացերէն բառը համարում է հայերէնից փոխառեալ:

Հրէական շաբաթի գաղափարը մեզ է աւանդուել Աստուածաշնչից, երբ Աստուած Մովսէսի միջոցով (Պատուիրան համար 4) ժողովրդին պատուիրեց չաշխատել շաբաթ օրը եւ հանգստանալ բոլոր գործերից, որովհետեւ Աստուած արարեց աշխարհը վեց օրում եւ եօթերորդ օրը (որ է Շաբաթ օրը) հանգստացաւ: Այդ է պատճառը, որ շաբաթ օրը աւանդաբար համարւում է շաբաթավերջ, իսկ կիրակին՝ շաբաթուայ առաջին օր: Քրիստոսից յետոյ պատկերը փոխուեց քրիստոնէական աշխարհում եւ կիրակին եւս դարձաւ շաբաթավերջ կամ հանգստեան օր, քանզի Քրիստոս յարեաւ ի մեռելոց կիրակի օրը: Այս իրադարձութիւնն է պատճառը, որ կիրակին կոչում ենք նաեւ ՏԷՐՈՒՆԱԿԱՆ՝ հայ. ԿԻՐԱԿԻ,  յուն. Κυριακή  (կիրիակի՛), ֆր. dimanche, իտալ. domenica, իսպ. domingo եւ այլն:
Հրէական շաբաթն այսօր էլ հրէից կենցաղավարութեան եւ աւանդութեան անքակտելի մասն է կազմում: Այն սկսւում է ուրբաթ մայրամուտին եւ աւարտւում է յաջորդ օրը իրիկնամուտին (աւանդաբար, երբ երկնքում երեք աստղ է նշմարւում):

Եբրայական այս արմատից ունենք sabbatical բառը, երբ համալսարանի կամ դպրոցի ուսուցիչը մեկնում է արտերկիր գիտելիքները կատարելագործելու:
Եբր. שבתאי (շաբթա՛յ) բառը եւս այս արմատից է եւ Սատուրն (Երեւակ) մոլորակի անունն է: Այս առումով հմմտ. Շաբաթ օրուայ անգլերէն  (Saturday) կամ լատիներէն (dies Saturni) անունները: Այսպէս են կոչուել ի պատիւ Սատուրն մոլորակի:

Շաբթայը նաեւ հրէական անուն է: Երեւելիներից յիշենք, թերեւս, Շաբթայ Ցվի, որ պատմութեան մէջ մնաց իբրեւ կեղծ մեսիա: