1.
ՈՒՂՏ եւ ՄԱԼՈՒԽ
ՈՒՂՏ կենդանու անուան ստուգաբանութիւնը հայերէնում եւ որոշ հնդեւրոպական, սեմական լեզուներում:
Աճառեանն իր յայտնի Արմատական բառարանում բառի
կողքը աստղանիշ է դնում (*)՝ ցոյց տալով դրա՝ այլ լեզուից փոխառեալ լինելու հանգամանքը:
= Առաջարկուող մի շարք վարկածներից ամենայայտնին, թերեւս, ասուրական
փոխառութիւնն է:
Ըստ այդմ՝ հայերէն տարբերակն առաջացել է ասուրերէն udru,
uduru «երկսապատ ուղտ» բառից, որն էլ իր հերթին
ծագում է իրանական uštra «ուղտ» բառից: Այսօր էլ արդի պարսկերէնում ուղտին ասում են
شتر (շութո՛ւր):
Այս uštra ձեւից կարելի է ենթադրել *ultra տարբերակը, որն էլ
յետագայում հայերէնում կարող էր դառնալ ՈՒՂՏ:
Շ->Լ անցման բաւական յաջող օրինակներ կան մի շարք բառերում,
երբ այս տառերը ատամնականից առաջ են (մեր օրինակում՝ Տ տառից առաջ):
Օրինակ, ՔԱՂԴԷԱՑԻ (Kaldu,
Chaldean) բառի դիմաց եբրայերէնում ունենք כשדים (կաշդի՛մ) բառը, որտեղ յստակ երեւում է, թէ ինչպէս է Շ տառը
դարձել Լ՝ գտնուելով Դ ատամնականից առաջ:
Միւս տարբերակներից
նշենք Ինճիճեանի վարկածը, համաձայն որի ՈՒՂՏԸ ծագում է հայերէն ՈԽՈՏ բառից, քանի որ
այս անասունը ոխակալ է:
Յովհան քահանայ Հիւնքեարպէյէնտեանը ՈՒՂՏԸ դնում է հայերէն ՈՒԽՏ
բառից:
Ըստ Ի. Դիակոնովի, բառը ուրարտերէն ulṭu ձեւից է, որն
ինչ որ կերպ կապուած է աքքադ. ut/ṭru (բայց ո՛չ *udru) կամ հին պարսկերէն ušθra ձեւի
հետ:
Հնդեւրոպական լեզուներում առատապէս ներկայացուած
ԿԱՄԵԼ կամ ՔԱՄԵԼ (անգլ. camel; գերմ. Kamel; իտալ. cammello; իսպ. camello; պորտ. camelo;
ֆր. chameau; յուն. καμήλα (կամի՛լա),
լատ. camelus եւ այլն) տարբերակը փոխառութիւն է սեմական լեզուներից: Հմմտ. եբր. גמל (գամա՛լ), արաբ. جمل (ջա՛մալ, ժա՛մալ), բոլորն էլ ՈՒՂՏ իմաստով:
Բոլորի հիմքում նախասեմական Գ-Մ-Լ (G-M-L) եռատառ արմատն է: Հեշտ է բացատրել սեմական
Գ-Մ-Լ արմատից եւրոպական լեզուների Կ-Մ-Լ տարբերակի առաջացումը (այլ կերպ ասած Գ->Կ
փոփոխութիւնը): Բանն այն է, որ սեմական լեզուների Գ (գիմել) տառը համարժէք է լատիներէնի
Cc եւ յունարէնի Γγ տառերին: Նշուած բոլոր լեզուներում էլ սրանք այբուբենի 3-րդ տառն
են՝ լատ. Cc (ցէ), յուն. Γγ (գամմա), եբր. ג (գի՛մել), արաբ. ج (ջի՛իմ) եւ առաջացել են փիւնիկերէն երրորդ՝ Գ-ԳԻՄԵԼ տառից:
Հնում լատիներէն Cc տառը եւս արտասանւում էր «Գ», սակայն զուգահեռ հնչում էր նաեւ
«Կ»: Յետագայ դարերում, շփոթից խուսափելու համար C տառի նմանութեամբ յօրինուեց G տառը
(C vs. G), որն էլ դարձաւ լատինական այբուբենի 7-րդ տառը, իսկ C-ն մնաց իր նախկին՝
երրորդ դիրքում «Կ» արտասանութեամբ: Աւելի ուշ, այդ «Կ»-ն որոշ տառերից առաջ սկսեց
հնչել «Ցց»: Հմմտ. calcium (կա՛լցիում), caecum (ցե՛կում) եւ այլն:
Սեմական այս արմատն ՈՒՂՏԻՑ բացի ունի մի շարք այլ իմաստներ:
Եբրայերէնում կարող է նշանակել «հասունանալ, հատուցել, ամբողջական դառնալ, կաթից կտրել
կամ զրկանքների ենթարկել», իսկ արաբերէնում՝ «գեղեցկութիւն, լաւ բնաւորութիւն, բարի,
բարետես, հոգատար, ամբողջական» եւ այլն:
***
Երկար տարիներ բազում գիտնականների հետաքրքրութեան առարկայ է
եղել այս արմատի «պարան, չուան» իմաստը:
Համառօտ ներկայացնենք այս թնջուկի պատմութիւնը:
Նոր Կտակարանում երեք Աւետարանիչները (Մատթէոս ԺԹ:24, Մարկոս
Ժ:25, Ղուկաս ԺԸ:25) մեզ են փոխանցում Քրիստոսի այն խօսքը, թէ «դիւրի՛ն է մալխոյ մտանել ընդ ծա՛կ ասղան, քան մեծատան յարքայութիւն Աստուծոյ մտանել» կամ աշխարհաբար հայերէնով՝ «Աւելի հեշտ է, որ մալուխը (պարանը, չուանը)
ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստուծոյ արքայութիւնը մտնի»:
Յունական բնագրերը ՄԱԼՈՒԽ բառի փոխարէն օգտագործում են ՈՒՂՏ
բառը: Բանն այն է, որ հին յունարէնում այս երկու բառերը շատ նման էին գրւում՝ κάμιλος
(պարան) եւ κάμηλος (ուղտ):
Նմանատիպ արտայայտութիւն գտնում ենք նաեւ Ղուրանում (Սուրահ
Ալ-Արաֆ, 7:40), որտեղ ասւում է, թէ «Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ
ասղան միոյ» (ամբարիշտը չի մտնի դրախտ, մինչեւ ուղտը չանցնի ասեղի ծակով):
Արդեօ՞ք մեր հայրերը թարգմանելիս վրիպել են, թէ՞ միտումնաւոր
ՊԱՐԱՆ են թարգմանել, քանզի, ըստ տրամաբանութեան, ասեղի ծակին թելը (պարանը) աւելի յարմար
ու համապատասխան է, քան ուղտը:
ՆՀԲ եւ ուրիշները գտնում են, որ մեր ՄԱԼՈՒԽ բառը ունի նաեւ ՈՒՂՏ
իմաստը, մինչդեռ Աճառեանը յստակօրէն հերքում է այս վարկածը (տե՛ս ՀԱԲ 3, էջ 226)՝ նշելով,
թէ մեր Հայրերը գիտէին, որ ՄԱԼՈՒԽ նշանակում է ՊԱՐԱՆ, ՉՈՒԱՆ:
Ասորական Աստուածաշնչում (Պեշիտտա) եւս հանդիպում ենք ՊԱՐԱՆ
տարբերակը, թէեւ տողատակ մեկնութիւններում նշւում է, որ gamla բառն ունի ե՛ւ պարան,
ե՛ւ ուղտ իմաստները, հաւանաբար այն պատճառով, որ հնում չուանը գործում էին ուղտի մազից:
Հետաքրքիր է նաեւ ասորի բառարանագիր Մար Բահլուլի (Ժ դար) մեկնութիւնը, ըստ որի gamla-ն
այն պարանն է, որով կապում էին նաւերը: Սա, ի դէպ, նշում է նաեւ Աճառեանը (ՀԱԲ 3, էջ
227):
Պէտք է նշել, որ Սուրբ Գրքի եւ Ղուրանի տարբեր թարգմանութիւններում
կարող ենք հանդիպել թէ՛ ՈՒՂՏ, եւ թէ՛ ՊԱՐԱՆ (ՄԱԼՈՒԽ) տարբերակները:
Միանշանակ է, որ «ուղտով» տարբերակը դարեր շարունակ յայտնի մերձաւորարեւելեան
խօսք է:
Վարկածներից մէկի համաձայն «ասեղի ծակ» ասելով հնում հասկանում էին Երուսաղէմ
քաղաքի դռներից մէկը, որը շատ նեղ էր եւ մարդը հազիւ էր անցնում, իսկ ուղտը կարող էր
անցնել դրա միջով միմիայն բեռնաթափուելուց յետոյ: Իրականում պատմութիւնից մեզ յայտնի
չէ նման անցք Երուսաղէմի պարսպի մէջ:
Բաբելոնեան աղբիւրներում վկայուած է փղի՝ ասեղի ծակից անցնելը:
Եւ քանի որ Մերձաւոր Արեւելքում փղեր չկային եւ չափերով ամենախոշոր կենդանին ուղտն
էր, ուստի եւ ասացուածքը ուղտին էր վերագրւում:
Ինչպէս տեսնում ենք, բաւական խճճուած պատմութիւն է:
Արդեօ՞ք նախասեմական G-M-L արմատն ունի նաեւ պարան իմաստը (ուղտից
բացի):
Արդեօք յունակա՞ն Աստուածաշունչն է վրիպել, թէ՞ հայկականը կամ
ասորականը:
Ի վերջոյ յստակ է, որ ասեղի ծակին «աւելի սազական է» թելը, քան
ուղտը, բայց միւս կողմից ուղտով տարբերակը Մերձաւոր Արեւելքում յայտնի ասացուածք է:
Ի վերջոյ ի՞նչ է ասել Քրիստոս՝ Ո՞ՒՂՏ, թէ՞ ՄԱԼՈՒԽ,,
No comments:
Post a Comment