Յայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը հայոց այբուբենը ստեղծել է յունական
այբուբենի նմանութեամբ (չշփոթել տառերի ձեւի հետ)՝այն է տառերի յաջորդականութիւնը: Քանի որ յունաց այբուբենի տառերի թիւը 24 է, իսկ
մերը 36 (Մաշտոցի ժամանակ), ապա տրամաբանական է ենթադրել, որ կան տառեր, որոնք համընկնում
են (դրանք 22-ն են), կան, որ միայն յունարէնն ունի եւ հայերէն համարժէքը չկայ (Ψψ-փսի
եւ Ωω-օմեգա) եւ կան հայերէն տառեր, որոնք յունական համարժէք չունեն (Ը, Ժ, Լ, Խ, Ծ,
Հ, Ձ, Ճ, Յ, Չ, Ջ, Վ, Ր, Ց):
Փորձենք քննարկել՝ որն է յունական O-ի համարժէքը մեր այբուբենում:
Յունարէնն ունէր Օ հնչիւնի երկու տարբերակ՝ կարճ եւ երկար, ուստի
դրանց համապատասխան էլ երկու տառ՝ Ωω (օմեգա
կամ երկար օ) եւ Οο (օմիկրոն կամ կարճ օ): Հեշտ է նաեւ ստուգաբանել այս բառերը՝ Օ-ՄԵԳԱ
կամ ՄԵԾ Օ (յունարէն μεγάλος-ՄԵԳա՛լոս բառից, որ նշանակում է ՄԵԾ) եւ Օ-ՄԻԿՐՈՆ կամ
ՓՈՔՐ Օ (յունարէն μικρό-ՄԻԿՐՈ բառից, որ նշանակում է ՓՈՔՐ):
ՄԵԳԱ եւ ՄԻԿՐՈ բառերն այնքան շատ են տարածուած եւրոպական լեզուներում,
որ բերեմ միայն մի քանի օրինակ՝ ՄԵԳԱբայթ, ՄԵԳԱվատտ, ՄԵԳԱփիքսել,
ՄԵԳԱհերց, ՄԵԳԱֆոն, ՄԵԳԱլոմանիա, ՄԵԳԱպոլիս, ՄԻԿՐՈսկոպ, ՄԻԿՐՈբ, ՄԻԿՐՈբիոլոգիա, ՄԻԿՐՈֆլորա,
ՄԻԿՐՈգրամ, ՄԻԿՐՈմետր եւ այլն:
Ի դէպ, պէտք է նշել, որ յունարէն ՄԵԳԱ-ն հնդեւրոպական ծագում
ունի եւ հնդեւրոպական նախալեզուի նոյն արմատը հանդիպում է քոյր լեզուներում՝ հայերէնում
այն հնչիւնական օրէնքներին համապատասխան տուել է ՄԵԾ բառը, լատիներէնում՝ magnus (
հմմտ.՝ մագիստրոս, մայոր, մագնիտուդ բառերը), անգլերէնում much եւ այլն:
Մեսրոպ Մաշտոցը հայերէնի
միակ Օ հնչիւնը ներկայացրել է «Ո» տառի տեսքով, որը համապատասխանում էր յունական Oo-օմիկրոնին:
Յետագայում (12-րդ դարից յետոյ) հայերէնի ԱՒ/աւ երկբարբառը աստիճանաբար սկսում է հնչել
O եւ այդ ժամանակաշրջանում մեր այբուբենում աւելացւում է Օօ տառը՝ փոխարինելով ԱՒ երկբարբառը:
Հեշտ է նկատել, որ տառը յօրինուել է յունական օմիկրոնի նմանութեամբ (կլոր, շրջանաձեւ
տեսքով), սակայն լեզուաբանօրէն համարժէք չէ օմիկրոնին: Օմիկրոնի համարժէքը հայերէնում
«Ո» տառն է:
Այն, որ ԱՒ երկբարբառը հնչում է Օ, հանդիպում է նաեւ միւս լեզուներում:
Օրինակ՝ գրւում է Paul, բայց անգլերէն, ֆրանսերէն հնչում է հմպտ. փՕլ եւ պՕլ: Սրա լատինական
ձեւը (Paulus) հնում գրում էինք ՊԱՒՂՈՍ, իսկ այսօր ԱՒ-ի փոխարէն գրում ենք Օ՝ ՊՕՂՈՍ
(այս Պաւ բաղադրիչը մինչ օրս պահպանուել է անուան ռուսական տարբերակում՝ Павел, Պա՛ւել):
Նոյնը նաեւ ԱՒԳՈՒՍՏՈՍ-ՕԳՈՍՏՈՍ եւ այլն:
Այսպիսով հայոց «Ո» տառը յունական օմիկրոնի համարժէքն է: Հարց
է առաջանում՝ իսկ ինչպէ՞ս է տառադարձուել յունական
օմեգան, մասնաւորապէս յատուկ անունների դէպքում (Աստուածաշնչի թարգմանութեան ժամանակ):
Օտար անունները տառադարձելիս օմիկրոնի փոխարէն գրուել է «Ո»,
իսկ օմեգայի փոխարէն՝ «ՈՎ»:
Գրենք տարածուած մի շարք անունների տառադարձումը՝ յիշելով հետեւեալ
համապատասխանութիւնը՝
Οο = Ո
Ωω = ՈՎ
Εε = Ե
Ηη = Է
Joseph -> Ιωσήφ - Ι ω σ ή φ -> Յ-ՈՎ-Ս-Է-Փ
-> ՅՈՎՍԷՓ
Thomas -> Θωμάς - Θ ω μ ά ς -> Թ-ՈՎ-Մ-Ա-Ս
-> ԹՈՎՄԱՍ
Enoch -> Ενώχ - Ε ν ώ χ -> Ե-Ն-ՈՎ-Ք -> ԵՆՈՎՔ
Joel -> Ιωήλ - Ι ω ή λ -> Յ-ՈՎ-Է-Լ -> ՅՈՎԷԼ
Պէտք է նշել, որ այս կանոնը մի շարք անունների դէպքում այդպէս
էլ չամրագրուեց: Ահաւասիկ՝ ՍԻՄՈՆ (Σίμων, Simon); ՍՈՂՈՄՈՆ (Σολομών, Solomon); ՀՌՈՄ
(Ρώμη) եւ այլն, թէեւ հազուադէպ կարող էք հանդիպել նաեւ ՍԻՄՈՎՆ, ՍՈՂՈՄՈՎՆ, ՀՌՈՎՄ (ՀՌՈՎՄԷԱԿԱՆ)
ձեւերը:
Որպէս „օմիկրոն->Ո“ տառադարձութեան օրինակ նշենք յունական
յայտնի –ος (-ոս, -os) վերջածանցը՝ ՔրիստՈս (Χριστός), ՊօղՈս (Παύλος) եւ այլն:
No comments:
Post a Comment